Հանրապետական կուսակցությունից առաջադրված՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պաշտոնապես ընդունել է, որ Բարաք Օբաման ծնվել է ԱՄՆ-ում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թրամփը երկար տարիներ մի ոչ պաշտոնական շարժման առաջնորդներից մեկն էր, որն ապացուցում էր, որ Օբաման ծնվել է ոչ թե Հավայի նահանգում, այլ Քենիայում, որտեղ ծնվել էր ապագա նախագահի հայրը: Հետեւաբար, ըստ շարժման ակտիվիստների, Օբաման չէր համապատասխանում ԱՄՆ Սահմանադրության պահանջներին, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ կարող է ընտրվել միայն «ծնունդով ամերիկացին»: Սպիտակ տունը ի վերջո տեղի էր տվել շարժման պահանջներին՝ տարածելով Օբամայի ծննդյան վկայականի պատճեն: Դա Օբամայի՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց ավելի քան երկու տարի հետո է եղել:

 «Նախագահ Բարաք Օբաման ծնվել է ԱՄՆ-ում ու վերջ»,- ասել է Թրամփը, որի ելույթը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները: Ընդ որում Թրամփն իր մրցակից Հիլարի Քլինթոնին է մեղադրել 2008-ին Օբամայի ծննդավայրի մասին վեճը սկսելու մեջ:

Մինչ այդ Քլինթոնն էլ իր հերթին պահանջել էր, որ Թրամփը ներողություն խնդրի այն ենթադրության համար, որ Օբաման ԱՄՆ-ում չի ծնվել: Քլինթոնի կարծիքով Թրամփը ղեկավարել էր այդ շարժումը ԱՄՆ առաջին սեւամորթ նախագահին լեգիտիմությունից զրկելու նպատակով: