Եվրամիությունը «դժվարին եւ վտանգավոր իրավիճակում է», որի դեպքում չի կարելի է բացառել կառույցի փլուզումը: ՏԱՍՍ-ի՝ այս մասին Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը:
«Երբ 22 տարի առաջ ես ընտրվեցի Եվրախորհրդարանում, չէի կարող պատկերացնել, որ կարող է նման իրավիճակ առաջանալ: Այո՛, ԵՄ-ն կարող է ֆիասկո ապրել: Եթե մենք ուշադիր չլինենք, այն կփլուզվի: Նման հնարավորությունը դադարել է շատերին վախեցնել»,- ասել է Շուլցը:
Նա նշել է, որ քաղաքացիներն «այլ Եվրոպա են ուզում», հավելելով, որ հարկավոր է խնդիրների «հստակ լուծումներ առաջարկել»:
Անդրադառնալով Brexit-ին՝ Շուլցը նշել է, որ «առանց Մեծ Բրիտանիայի ԵՄ-ն ավելի թույլ կլինի»: «Brexit-ը նշանակում է, որ մենք պարտվում ենք»,- ասել է նա: ԵԽ նախագահը վստահ է, որ այդ կապակցությամբ Գերմանիան Եվրոպայում կենտրոնական դեր է խաղում:
Շուլցը քննադատել է այն երկրներին, որոնք չեն ցանկանում փախստականների ընդունել: «Չեմ կարող համաձայնել մի իրավիճակի հետ, երբ ասում են՝ «Մենք կաթոլիկ երկիր ենք, որտեղ մահմեդականների համար տեղ չկա»: Դա հակասում է բոլորի կողմից վավերացված Մարդու իրավունքների հարցերով ԵՄ Խարտիայի հիմնարար սկզբունքներին: Չի կարելի թույլ տալ, որպեսզի առանձին պետություններ միայնակ կրեն այդ բեռը»,- ամփոփել է Մարտին Շուլցը:





























