Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին ՝ Ստեփան Աբգարյան, որը բազմաթիվ վնասվածքներով այս պահին հիվանդանոցում է, պնդում է, որ իրեն եւ քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին դիտավորյալ ծեծի են ենթարկել գեներալ Մանվել Գրիգորյանի որդիներն ու նրանց համակիրները:

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում Ստեփան Աբգարյանը պատմեց, որ ինքն ու Թումանյանը նախօրեին զանգ են ստացել, որ իրենց համակիր, Էջմիածնի ավագանու անդամ Կիրակոս Բաժակյանը առեւանգված է եւ գտնվում է քաղաքի բենզալցակայաններից մեկում: Այդ զանգից հետո իրենք սկսել են փնտրել Կիրակոսին:

«Մենք սկսեցինք ման գալ զապրավկաներով, բայց ոչ մի տեղ չէինք գտնում: Հետո դուրս եկանք մի զապրավկայից, հենց ճանապարհի վրա մեր մեքենային խփեցին: Հենց իջանք, տեսանք լիքը բազմություն գալիս է մեզ վրա: Մեզ սկսեցին ծեծել, մեքենային էին հարվածում, մեքենան լրիվ ջարդուփշուր է եղել: Այդ պահին զենք ընկավ, Թումանյան Արթուրը վերցրեց զենքն ու փախանք իրար հետ: Այնտեղ էին նաեւ Կարեն Գրիգորյանը (Էջմիածնի գործող քաղաքապետ, Մանվել Գրիգորյանի որդի-խմբ) ու իր եղբայրը Արմանը: Եթե նրանք իրենք էնտեղ չլինեին, մեզ ո՞վ էր ծեծելու»,- ասաց Ստեփան Աբգարյանը:

Նրա խոսքով, Կիրակոս Բաժակյանին դեռ չեն գտել, տեղեկություն չունեն, թե նա որտեղ է:

Նշենք, որ Ստեփան Աբգարյանն ու Արթուր Թումանյանն այժմ գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում: Նրանք դեռ չեն որոշել՝ վաղը կմասնակցեն քաղաքապետի ընտրություններին, թե ոչ:

Նրանց վիճակի վերաբերյալ դեռ հստակ տեղեկատվության չի տրամադրվում: Նրանք լավ ծեծված տեսք ունեն:

Նշենք, որ ավելի ուշ Ստեփան Աբգարյանը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Արթուր Թումանյանի մոտ ոչ ոքի թույլ չեն տալիս մտնել` բացի ծնողներից, եղբորից ու կնոջից:

Հիշեցնենք, որ ըստ Էջմիածնում տարածված տեղեկությունների՝ Երեւան- Էջմիածին ավտոճանապարհին կրակել են Երեւանից վերադարձող Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի (ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է) մեքենայի ուղղությամբ: Մեքենայի մեջ եղել է Կարեն Գրիգորյանը՝ եղբոր՝ Արման Գրիգորյանի հետ: Նշվել է, որ կրակողները եղել են քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին: Ավելի ուշ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ տուժել են Թումանյանն ու Աբգարյանը: