ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի տիկին Միշել Օբաման երիտասարդ ընտրողներին կոչ է արել մի կողմ չքաշվել եւ մասնակցել պետության ղեկավարի նոր ընտրություններին` իրենց ձայնը տալով Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Երբ լսում եմ, որ մարդիկ ասում են, թե այս ընտրություններում ոգեւորություն չեն զգում, թույլ տվեք ասել, որ ես համաձայն չեմ, ես ոգեշնչված եմ», — Ջորջ Մեյսոնի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հայտնել է Օբաման, որին մեկնաբանում է Ասոշեյթեդ Փրեսս գործակալությունը: 

Նախագահի կինը երիտասարդներին կոչ է արել միավորվել Քլինթոնի օգտին`   «նկատի առնելով այլընտրանքը»: Իր ելույթի ընթացքում ԱՄՆ-ի առաջին տիկինը բազմիցս քննադատության է ենթարկել Քլինթոնի ընդդիմախոսին` Դոնալդ Թրամփին, միաժամանակ չտալով նրա անունը, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: 

Այս նախագահական մրցարշավում Միշել Օբաման Հիլարի Քլինթոնի ամենաարդյունավետ հրապարակային կողմնակիցներից մեկն է դարձել, հատկապես այն ընտրողների շրջանում, որոնք չորս տարի առաջ նախագահական ընտրություններում աջակցել են Բարաք Օբամային, հայտնում է գործակալությունը: 

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին: Հարցումների մեծամասնության տվյալների համաձայն, Քլինթոնը եւ Թրամփը մոտավորապես   միանման աջակցություն են վայելում ընտրողների շրջանում` երկրի մասշտաբով. նրանց միջեւ տարբերությունը տատանվում է վիճակագրական սխալի սահմաններում: