Հայաստանյան բուհերում մտահոգիչ է ֆիզիկայի ցածր մակարդակը՝ այն դեպքում, երբ աշխարհն արդեն ընթանում է նանոտեխնոլոգիաների ճանապարհով: Այս մասին, սեպտեմբերի 16-ին, Հանրային խորհուրդում աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ասել է Ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայ-Ռուսական սլավոնական համալսարանի մաթեմատիկայի եւ բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Էդուարդ Ղազարյանը:
Նրա խոսքով՝ պետք է վերանայվեն գիտատեխնիկական ոլորտի կրթական ծրագրերը, քանի որ դրանք չեն բավարարում աշխարհի այսօրվա միտումներին: Ինչ վերաբերում է մանկավարժական կադրերին, ապա Ղազարյանի համոզմամբ՝ տարրական դասարաններում ուսուցումը խնդրահարույց է, ինչը պայմանավորված է դասվարների ոչ բավարար մաթեմատիկական գիտելիքներով: Այս առումով նա անհրաժեշտ է համարել նրանց վերապատրաստումը:
Ընդգծվել է առհասարակ կրթական համակարգում ֆիզիկամաթեմատիկական ուղղությունը զարգացնելու անհրաժեշտությունը: Խոսվել է նաեւ դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի ուսուցման մակարդակի բարձրացման մասին, ինչին ներկայումս, ըստ խորհրդի անդամների, բավարար ուշադրություն չի դարձվում: ՀԽ անդամ Կարինե Դանիելյանն էլ բարձրացրել է էկոլոգիական կրթության ներդրման անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաեւ հարցեր՝ ուսուցիչների վերապատրաստման, դասավանդման պրոցեսում նորագույն տեխնոլոգիական մեթոդների կիրառման, սահմանային գյուղերի դիմորդների համար ճկուն զեղչային համակարգի ներդրման, կրկնուսույցների եւ այլ խնդիրների հետ կապված:
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ընթացքում քննարկված ամենահրատապ հարցերից մեկը եղել է հանրակրթությունը՝ մասնավորապես ավագ դպրոցի հետ կապված մտահոգությունները, կրթական ծրագրերի բովանդակային կողմը եւ այլն:
Լեւոն Մկրտչյանը նախ ինքն է խորհրդի անդամներին ներկայացրել իր մտահոգություններն ու առաջիկա անելիքները՝ անդրադառնալով ավագ դպրոցի կայացման, բարձրագույն կրթության՝ մասնավորապես մագիստրատուրայի, գիտական աստիճանաշնորհման եւ այլ խնդիրներին:




























