Ի տարբերություն Ռուսաստանի՝ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, չի կատարում Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները: Եթե դա հետայսու էլ շարունակվի, ապա Սիրիայում զինադադարի վիժեցման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Վաշինգթոնի վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալ Վիկտոր Պոզնիխիրը:
«Հրադադարի հինգերորդ օրվա արդյունքներով՝ արձանագրել ենք, որ միայն ռուսական եւ սիրիական կողմերն են ստանձնած պարտավորությունները լիովին կատարում: Ռուսաստանի նախաձեռնությամբ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը երկարացվել է 48 ժամով, իսկ երեկ այն եւս 72 ժամով երկարացվեց»,- ասել է Պոզնիխիրը՝ ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում կայացած ճեպազրույցում:
Նա հավելել է, որ «Միացյալ Նահանգները եւ նրա ենթակայությամբ գործող, այսպես կոչված, չափավոր խմբավորումները Ժնեւի համաձայնագրի շրջանակներում ստանձնած եւ ոչ մի պարտավորություն չեն կատարել»:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ սեպտեմբերի 9-ի ռուս-ամերիկայն համաձայնագրի գլխավոր առաջնահերթությունը «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան-Նուսրայի» եւ չափավոր ընդդիմության կողմից վերահսկվող տարածքների տարանջատումն է, ինչպես նաեւ չափավոր ընդդիմության եւ «Ջեբհաթ ան-Նուսրայի» խմբերի տարանջատումը: Առանց այս դրույթի իրականացման՝ Սիրիայում անհնար է ապահովել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը: Առանց այս տարանջատման՝ կառավարական զորքերի «ձեռքերը կապված են»: Նրանք չեն կարող ահաբեկիչների դեմ պայքարել՝ չիմանալով, թե նրանցից ով է ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի կողմնակից, ով՝ ոչ»,- հայտարարել է գեներալը:
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմին ուղղված բազմաթիվ դիմումներն անպատասխան են մնացել, որի հետեւանքով «կասկածներ են առաջանում ԱՄՆ վերահսկողության տակ գործող ջոկատների վրա ազդելու նրա կարողությունների եւ հետագայում Ժնեւի համաձայնագրի կատարումն ապահովելու պատրաստակամության վերաբերյալ»:
«Ռուսաստանը գործադրում է հնարավոր ամեն ջանք, որպեսզի կառավարական զորքերին ետ պահի պատասխան ռազմական ուժ կիրառելուց: Եթե ամերիկյան կողմը սեպտեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների կատարման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկի, ապա Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման վիժեցման ամբողջ պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ վրա»,- ամփոփել է Պոզնիխիրը:





























