Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում այսօր` սեպտեմբերի 18-ին, ժամը 8-ից քաղաքացիներն ակտիվ մասնակցում են քաղաքապետի ընտրություններին: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ  Ապարանում գործում է 3 ընտրատեղամաս, NEWS.am-ի հետ զրույցում թիվ 14/1 ընտրատեղմասի հանձնաժողովի նախագահ Մերուժան Մկրտչյանը նշեց, որ քաղաքացիներն աննախադեպ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում, այս պահի դրությամբ ընտրությունների ընթացքից քաղաքացիներից բողոքներ չկան:

«Այս ընտրատեղամասում ունենք 1984 ընտրող, ժամը ուղիղ 08:00-ին բացվել են քաղաքի երեք ընտրատեղամասերն էլ, ամեն ինչ լավ է, դեռ բողոքներ չկան»,-ասաց նա:

Նշենք, որ 14/1 ընտրատեղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Էդգար Փարվանյանի վստահված անձը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքացիներից մեկն ընտրել է պատռված անձնագրով, նրա խոսքով` անձնագիրը թրջված է եղել, որի հետեւանքով էջերը առանձնացված են եղել:

«Անձնագիրը պատշաճ չէր, ջրի մեջ էր ընկած պոկվել էր: Դրա համար ներկայացնում ենք դիմում, որպեզի առանձին քվեարկեն»,-ասաց նա:

Դիտորդ Սոֆյա Հովսեփյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դիտորդի իրավունքների ոտնահարում է տեղի ունենում, հանձնաժողովի նախագահը խոչընդոտում է իր ազատ տեղաշարժը, գործունեությունը:

«Դիտորդի ազատ տեղաշարժման խախտում է տեղի ունենում, չեն թույլ տալիս ազատ տեղաշարժվեմ, դիտարկում անեմ, որը կկանխի հետագա խախտումները: Ինձ մոտ նշում եմ քվեարկող քաղաքացիների համարները, որպեսզի կրկնակի ընտրություններ չլինեն, բայց ինձ թույլ չեն տալիս»,-ասաց նա:

Նշենք, որ Ապարանի քաղաքապետի թեկնածուները երկուսն են` գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանը եւ «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Փարվանյանը:

Հանրապետությունում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՏԻՄ ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Նշենք, որ որպես համայնքի ղեկավարի թեկնածու՝ առաջադրվել է 571 քաղաքացի, որոնցից 19-ը մինչեւ թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Որպես ավագանու անդամի թեկնածու՝ առաջադրված 2 հազար 842 քաղաքացիներից գրանցման փաստաթղթերը հետ է վերցրել 17-ը:

Հայաստանի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր 541 ՏԸՀ-ներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 36 ՏԸՀ-ներում, իսկ «Ժառանգություն» կուսակցության կողմից` մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում: