Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Գոռ Աբրահամյանը այսօր` սեպտեմբերի 18-ին, քաղաքի 14/1 ընտրատեղամասում մասնակցեց ընտրության: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Գոռ Աբրահամյանն ընտրության էր եկել կնոջ հետ:

«Բարձր տրամադրությամբ եմ եկել ընտրության, գիտեմ, որ իմ համաքաղաքացիները գնահատում են իմ աշխատանքը եւ կքվեարկեն իմ օգտին, ես նրանց պահանջով եմ իմ թեկնածությունը դրել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Աբրահամյանը:

Հարցին` ինչպես է գնահատում քաղաքապետի թեկնածու Էդգար Փարվանյանի ֆեյսբուքյան գրառումը, թե քաղաքապետի թեկնածու Գոռ Աբրահամյանի նախընտրական շտաբը ընտրակաշառք է բաժանում, Գոռ Աբրահամյանը պատասխանեց, որ դա իրականությանը չի համապատասխանում:

«Ես նույնպես ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն ահազանգել եմ ընտրակաշառք բաժանելու համար, ես չեմ կարող փող բաժանել, ես չունեմ բիզնեսներ, դա բոլորը շատ լավ հասկանում են, ինքն է փող բաժանողը»,-ասաց նա:

Գոռ Աբրահամյանը նշեց, որ իր պաշտոնավարության տարիներին Ապարանում կատարել է մեծ աշխատանք. մասնավորապես քաղաքից վերացրել է «հղփացածությունը, զորբայությունն ու սրիկայությունը»:

«Շատ-շատ փոփոխություններ են եղել, իսկ ամենամեծ փոփոխությունը քաղաքում բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունն է` զորբայությունը, հղփվածությունը, սրիկայությունը վերացված է: Բոլորս հաշտ ու համերաշխ ապրում ենք, դա ամենամեծ փոփոխությունն է: Եթե քաղաքապետ ընտրվեմ, շարունակելու եմ իմ գործը, նախապայամններն ստեղծված են»,-ասաց նա:

Նշենք, որ Ապարանի քաղաքապետի թեկնածուները երկուսն են` ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը եւ «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Փարվանյանը:

Հանրապետությունում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՏԻՄ ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Նշենք, որ որպես համայնքի ղեկավարի թեկնածու՝ առաջադրվել է 571 քաղաքացի, որոնցից 19-ը մինչեւ թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Որպես ավագանու անդամի թեկնածու՝ առաջադրված 2 հազար 842 քաղաքացիներից գրանցման փաստաթղթերը հետ է վերցրել 17-ը:

Հայաստանի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր 541 ՏԸՀ-ներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 36 ՏԸՀ-ներում, իսկ «Ժառանգություն» կուսակցության կողմից` մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում: