Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը:
«Կա նախաքննություն, որն իրավասու է հարցերին պատասխանելու եւ արդարադատություն իրականացնելու: Նախաքննության հարցերն ուղղեք նախաքննությանը, եթե հարմար կգտնեն, կպատասխանեն, կգտնեն հարմար, կձերբակալեն: Ոչ մի քաղաքապետ կամ քաղաքապետի թեկնածու արդարադատություն իրականացնելու իրավունք չունի»,- ասաց քաղաքապետի թեկնածուն` հորդորելով հարցերն ուղղել իրավասու մարմնին:
Նշենք, որ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ երկու թեկնածուները տարբեր կերպ են ներկայացնում: Ըստ Կարեն Գրիգորյանի համակիրների` Արթուր Թումանյանն ու Ստեփան Աբգարյանը Երեւան- Էջմիածին ավտոճանապարհին կրակել են Գրիգորյանի եղբոր մեքենայի ուղղությամբ, որի մեջ նաեւ քաղաքապետն է եղել: Այնուհետեւ ծեծկռտուք է սկսվել: Թումանյանն ու Աբգարյանը պնդում են, որ իրենց մեքենային հարվածել են, ապա սկսել ծեծել իրենց մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Կարեն Գրիգորյանն ու նրա եղբայրը:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:





























