Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում այսօր` սեպտեմբերի 18-ին, քաղաքապետի ընտրություններին 14/3-ի ընտրատեղամասում կուտակումներ են: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ քաղաքացիների հոծ զանգված է հավաքվել ընտրատեղամասում, որի հետեւանքով ընտրողների շրջանում դժգոհություններ են առաջանում` հերթում երկար սպասելու համար:

NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ ընտրության եկած քաղաքացիներից Անահիտ Հովհաննիսյանը հայտնաբերել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են: Մեզ հետ զրույցում ընտարտեղամասի հանձնաժողովի նախագահ Արկադի Կարապետյանն այս առթիվ նշեց, որ պարզվել է, որ քաղաքացու փոխարեն սխալմամբ մեկ այլ քաղաքացի է քվերակել եւ այժմ քայլեր են ձեռնարկվում նրա իրավունքները վերականգնելու համար:

Նշենք, որ Ապարանի քաղաքապետի թեկնածուները երկուսն են` ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը եւ «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Փարվանյանը:

Հանրապետությունում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՏԻՄ ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Նշենք, որ որպես համայնքի ղեկավարի թեկնածու՝ առաջադրվել է 571 քաղաքացի, որոնցից 19-ը մինչեւ թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Որպես ավագանու անդամի թեկնածու՝ առաջադրված 2 հազար 842 քաղաքացիներից գրանցման փաստաթղթերը հետ է վերցրել 17-ը:

Հայաստանի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր 541 ՏԸՀ-ներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 36 ՏԸՀ-ներում, իսկ «Ժառանգություն» կուսակցության կողմից` մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում: