Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի քաղաքապետի թեկնածու Էդգար Փարվանյանն այսօր` սեպտեմբերի 18-ին, քաղաքի 14/3 ընտրատեղամասում մասնակցեց ընտրության: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ նա ընտրության էր եկել մենակ: Լրագրողների հարցին` ընտրվելու դեպքում Ապարանում առաջին հերթին ինչ բարեփոխումներ է իրականացնելու, նա պատասխանեց, որ փողոցներն է բարեկարգելու:

«Ապարանում եթե ոտքով մի քանի կմ քայլեք, կտեսնեք, որ բազում խնդիրներ կան կապված ճանապարհների քանդված լինելու եւ փողոցների լուսավորության հետ: Նաեւ այլ խնդիրներ էլ կան, որոնք ընտրվելու դեպքում լուծելու եմ»:

Հարցին` ինչ է կոնկրետ նկատի ունեցել ֆեյսբուքյան իր էջում գրելով, որ Գոռ Աբրահամյանի նախընտրական շտաբը ընտրակաշառք է բաժանում, Էդգար Փարվանյանը նշեց, որ կոնկրետ չի կարող նշել, թե ինչ է բաժանվել քաղաքացիներին. «Նման խոսակցություններ միշտ լինում են: Հստակ բան չունենք, դա ավելի շատ հստակության կոչ էր իմ կողմից, որը որ տեղ է հասել Գոռ աբրահամյանին»:

Էդգար Փարվանյանը նաեւ նշեց, որ չի կարող ասել, թե ինչքան մեծ են իր շանսերը Ապարանի քաղաքապետ ընտրվելու հարցում:

«Չեմ կարող ասել, թե ինչքան շանսեր կան, դա ժողովուրդն է ասելու, որը մի քանի ժամից կիմանանք: Ընտրությունները շատ նորմալ են անցնում, ինչքանով ես տեղյակ եմ խախտումներ չեն գրանցվել: ԶԼՄ-ներով բարձրաձայնված խախտումները չեմ կարծում, որ էական են, կարծում եմ, որ բնականոն հունով են անցնում ընտրությունները: Ես վստահ եմ, որ այս ընթացքում ամեն ինչ նորմալ է անցել, հանդուրժողականության մթնոլորտում»,-ասաց նա:

Նշենք, որ Ապարանի քաղաքապետի թեկնածուները երկուսն են` ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը եւ «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Փարվանյանը:

Հանրապետությունում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՏԻՄ ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Նշենք, որ որպես համայնքի ղեկավարի թեկնածու՝ առաջադրվել է 571 քաղաքացի, որոնցից 19-ը մինչեւ թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Որպես ավագանու անդամի թեկնածու՝ առաջադրված 2 հազար 842 քաղաքացիներից գրանցման փաստաթղթերը հետ է վերցրել 17-ը:

Հայաստանի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր 541 ՏԸՀ-ներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 36 ՏԸՀ-ներում, իսկ «Ժառանգություն» կուսակցության կողմից` մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում: