Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում այսօր` սեպտեմբերի 18-ին, ժամը 17:00-ի դրությամբ 5782  ընտրողից քաղաքապետի ընտրություններին  մասնակցել է 3058 քաղաքացի:

Ապարանի 14/1 ընտրատեղամասում 1984 ընտրողից այս պահին ընտրություններին մասնակցել է 980 ընտրող, 14/2 ընտրատեղամասում` 1860 ընտրողից 1040-ը, իսկ 14/3-ում` 1938-ից 1038-ը:

Նշենք, որ Ապարանի քաղաքապետի թեկնածուները երկուսն են` ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը եւ «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Փարվանյանը:

Հանրապետությունում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՏԻՄ ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Նշենք, որ որպես համայնքի ղեկավարի թեկնածու՝ առաջադրվել է 571 քաղաքացի, որոնցից 19-ը մինչեւ թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Որպես ավագանու անդամի թեկնածու՝ առաջադրված 2 հազար 842 քաղաքացիներից գրանցման փաստաթղթերը հետ է վերցրել 17-ը:

Հայաստանի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր 541 ՏԸՀ-ներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 36 ՏԸՀ-ներում, իսկ «Ժառանգություն» կուսակցության կողմից` մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում: