«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից օրվա ընթացքում ստացվել են մի շարք ահազանգեր ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերի մասին:

Ընտրողները քվեարկություն կատարելու համար տեղամաս գալով բացահայտում են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկված է:

Տեղամասային հանձնաժողովները նրանց առաջարկում են ստորագրել իբր իրենց փոխարեն քվեարկած (ստորագրած) անձանց անվան դիմաց եւ քվեարկություն կատարել:

Ըստ ՏԸՀ-ների` այս խորհրդատվությունը տրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` քաղաքացուն ընտրական իրավունքից չզրկելու պատճառաբանությամբ:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը մտահոգիչ է համարում Ընտրական օրենսգրքին հակասող եւ առերեւույթ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ

պարունակող այսօրինակ խորհրդատվություններն ու ցուցումները, ինչը նաեւ նպատակ է հետապնդում կոծկել ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերը:

Հորդորում ենք ԿԸՀ-ին՝ իրականացնել միայն ՀՀ ընտրական օրենսդրությունից բխող խորհրդատվություն՝ զերծ մնալով ստորադաս հանձնաժողովներին օրենքից չբխող խորհուրդներ եւ ցուցումներ տալուց,

իսկ այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքերի արձանագրման դեպքում` ձեռնարկել համապատասխան քայլեր` հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերն իրավապահ մարմիններին ըստ ենթակայության ուղարկելու համար: