Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում այսօր` սեպտեմբերի 18-ին, ժամը 20:00-ի դրությամբ երեք ընտրատեղամասն էլ փակվել են: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ ժամը 20:00-ի դրությամբ  ընտրույթուններին մասնակցել է ընտրողների 50 տոկոսից ավելին` 5782  ընտրողից իրենց քաղաքացիական պարտքը կատարել է 3673 ընտրող: Ապարանի 14/1 ընտրատեղամասում 1984 ընտրողից մասնակցել է 1140-ը, 14/2 ընտրատեղամասում` 1860 ընտրողից 1285-ը, իսկ 14/3-ում` 1938-ից 1248-ը:

Նշենք, որ Ապարանի քաղաքապետի թեկնածուները երկուսն են` ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը եւ «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Փարվանյանը:

Հանրապետությունում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՏԻՄ ընտրություններ են կայացել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունեցել միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվել են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Նշենք, որ որպես համայնքի ղեկավարի թեկնածու՝ առաջադրվել է 571 քաղաքացի, որոնցից 19-ը մինչեւ թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Որպես ավագանու անդամի թեկնածու՝ առաջադրված 2 հազար 842 քաղաքացիներից գրանցման փաստաթղթերը հետ է վերցրել 17-ը: