Ներկա իրավիճակում միակ դրական բանը այն է, որ վարչապետը նույնպես խոստովանել է՝ Հայաստանը համակարգային փոփոխությունների կարիք ունի: Այս մասին սեպտեմբերի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով արդեն մեկ շաբաթ Հայաստանում չկա ո՛չ Կառավարության նոր կազմ, ո՛չ էլ նոր մոտեցումներ: «Մենք պետք է տեսնենք իրական արդյունքներ: Մենք պետք է հասկանանք, որ փոփոխությունները իրականում համակարգային են, իսկ եթե դրանք եզրափակվեն միայն անձի փոփոխությունով, ցավոք, մենք կունենանք կարճաժամկետ ոգեւորություն այն կապակցությամբ, որ փոփոխությունների ալիք է սկսվել»,- նշել է Թեւան Պողոսյանը: Փոքր դրական առաջխաղացում, շարունակեց պատգամավորը,այն է, որ երեկվա ՏԻՄ ընտրություններում մի քանի համայնքներում նախկին ղեկավարները պարտություն կրեցին ու նոր դեմքեր կհայտնվեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի ու Տավուշի մարզերի 317 համայնքներում անցել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:





























