Կրեմլում մերկապարանոց են համարում Ռուսաստանի կողմից Սիրիայում մարդասիրական շարասյան գնդակոծման մեղադրանքները: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ներկայումս մեր զինվորականները ստուգում են գնդակոծության մասին տեղեկությունները, եւ ես հույս ունեմ որ արդեն կոնկրետ տեղեկություն կստանան` սկզբնաղբյուրներից, եւ կկարողանան համապատասխան հայտարարություններ անել», — ասել է նա:
Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայում նշում են «Սիրիայում հրադադարի հետ կապված ծայրաստիճան լարված իրավիճակը»:
«Մենք ափսոսանքով արձանագրում ենք, որ անցած ժամանակահատվածում, իսկ ավելի ճշգրիտ` մեկ շաբաթը գերազանցող ժամանակահատվածում մեր ամերիկացի գործընկերներին այդպես էլ չի հաջողվել ահաբեկիչներին սահմանազատել չափավոր ընդդիմությունից: Իրավիճակը շատ լուրջ մտահոգություն է առաջացնում», — ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական շարասյունը գնդակոծվել է: Կազմակերպության տվյալների համաձայն, գնդակոծության է ենթարկվել 31 բեռնատարից 18-ը:





























