«Ազգ» թերթն անդրադարձել է Ազգային ժողովում ընդունված բենզինի ու ծխախոտի ակցիզային հարկերի բարձրացմանն օրենքին: «Աչքներս լույս: Ազգային Ժողովը հերթական «մատնոցախաղը» մատուցեց: Հապճեպ մի նոր օրենք ընդունեց` հերթական անգամ բարձրացնելով բենզինի եւ ծխախոտի հարկերը: Միամիտ մարդիկ կասեն. «Դո՞ւ ինչու ես անհանգստանում. թող բենզին ներկրողներն ու ծխախոտ արտադրողները դարդ անեն...»:
Սխալվում եք, պարոնայք: Երբեք հնարավոր չէ մոռանալ 1999 թ. օգոստոսի 1-ի Ազգային Ժողովի չարաբաստիկ, բենզինի եւ ծխախոտի հարկերի բարձրացման որոշումը: Այսօրվա նման այն ժամանակ էլ էին որոշ միամիտ մարդիկ կարծում, թե դա հարված է ծխախոտ արտադրողներին եւ բենզին ներկրողներին: Իրականում տուժեցին բացարձակապես բոլորը` ժողովուրդը, կառավարությունը, սկզբում նաեւ ծխախոտ արտադրողն ու բենզին ներկրողը: Ընկավ տեղական ծխախոտի առեւտուրը, վատ վիճակում հայտնվեց նաեւ ծխախոտագործությունը, գյուղացու մեջքը կոտրվեց: Շահեցին միայն ներկրողները:
Հիշեցնեմ, որ մինչ այդ բենզինի մեկ տոննայից գանձվող հարկը 105 դոլար էր, ապա այդ ազգակործան որոշումով դարձավ 225 դոլար, իսկ Ազգային Ժողովի 2005 թվի մի նոր «մատնոցախաղով» հարկը հասավ 260 դոլարի: Բնականաբար այդ ահռելի հարկը վճարելու համար ներկրողները բարձրացրին գները. 20 լ համար հասցնելով 5000-ից 7000 դրամի (ներկայումս 7600-8000 դրամ է) (ավելի վաղ` 90-ականների սկզբներին, հարկը 43 դոլար էր, 20 լ-ի գինը` 1200 դրամ): Այդ ամիսներին գրեթե կանգ առավ բենզինի վաճառքը, շատերն իրենց մեքենաները շահագործումից հանեցին, նույնիսկ ամենամեծ ներկրողը` «Միկան», մի քանի ամիս դադարեցրեց ներկրումը եւ վաճառքը: Եվ քանի որ բենզինն է ուղղորդում բոլոր ապրանքների գները, ահռելի չափով բարձրացան նաեւ մնացած ապրանքների գները: Ժողովուրդը շնչահեղձ էր լինում:




























