Հայաստանի անկախության 25 տարիների ամենամեծ ձեռքբերումը ժողովրդի անվտանգության ապահովումն է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
«Դրա մեջ կա մեր բանակը, ուժային նախարարությունները կան, փրկարարները, որ այսօր առաջին գծում են»,- ասաց նա` նշելով, որ մեր ձեռքբերումներից է այսօրվա երիտասարդությունը:
Աստվածատուր Պետրոսյանի խոսքով` հենց այդ երկտասարդությունը պետք է վերացնի այն թերացումները, որ ունեցել ենք նախորդ 25 տարիներին:
Ըստ նրա` ռազմաարդյունաբերության, տնտեսության ոլորտներում ունենք թերացումներ:
«Էլեկտրականությունն ու գազը պիտի չվաճառեինք: Պետությունն իր մենաշնորհը` 52 տոկոսը պետք է ունենար: Ցանկացած երկիր կարող է այդ թերացումը թույլ տալ, բայց երբ արդեն փաստի առջեւ ենք կանգնել, պետք է գտնենք ճանապարհները, որը հնարավորություն կտա պետությանը հզորություն հաղորդելու»,- նշեց գեներալ-մայորը:





























