Տեսագրություններում ապացույց չկա ՄԱԿ-ի մարդասիրական օգնություն հասցնող շարասյան  ուղղությամբ ավիահարվածի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է «Ինտերֆաքսը»: 

«Մենք ուշադիր ուսումնասիրել ենք դեպքի վայրից այսպես կոչված  «ակտիվիստների» տեսագրությունները եւ շարասյան ուղղությամբ որեւէ զինամթերքի ընկնելու նշան չենք տեսել:  Բացակայում են համապատասխան ձագարները, մեքենաները հիմնակմախքի վնասվածք եւ կառուցվածքի ջարդվածքներ չունեն, որոնք առաջացած լինեին ավիազինամթերքի պայթյունի ալիքի հետեւանքով:  Կադրերում երեւացող ամեն ինչ բեռների հրդեհման ուղղակի հետեւանք է, որը տարօրինակ կերպով սկսվել է Հալեպի վրա գրոհայինների լայնածավալ հարձակման հետ միաժամանակ», — հայտնել է գեներալը:

Նրա խոսքով, «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հենց այդ ուղղությամբ են երկուշաբթի` սեպտեմբերի  19-ին մոտավորապես 19.00-ին լայնածավալ գրոհ սկսել Հալեպի ուղղությամբ. դրան աջակցել է տանկային, հրետանային եւ համազարկային տարբեր ռեակտիվ համակարգերի կրակը:  

«Ով է կազմակերպել դա եւ ինչ նպատակով, կարող են պատասխանել միայն ինչպես միշտ, ճիշտ ժամին ճիշտ տեղում հայտնված «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության անդամները, որոնք մոտ են «Ջեբհաթ ան-Նուսրային»,- ասել է Կոնաշենկովը: