Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության եւ անվտանգության ամրապնդման, իրավակարգի եւ օրինականության պահպանման, տնտեսության զարգացման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման եւ հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի եւ արվեստի բնագավառներում ձեռքբերած ակնառու հաջողությունների համար, մի խումբ անձանց պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներով՝ շքանշաններով եւ մեդալներով, շնորհվել են նաեւ պատվավոր եւ զինվորական կոչումներ:

Տարբեր բնագավառներում ակնառու հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պետական բարձր պարգեւները: Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին տոնի եւ պարգեւների արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Անկախության տոնի առթիվ պարգեւատրման արարողության ժամանակ

«Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Այս օրերին մենք նշում ենք Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը: Այս մեծ համազգային տոնը ենթադրում է նաեւ անցած ճանապարհի, դրա նշանակալի հանգրվանների ու իրադարձությունների իմաստավորում եւ գնահատում: Մենք գրեթե զրոյից ստեղծել ենք պետական, հասարակական ու քաղաքական նոր հաստատություններ: Այդ բարդ ու պատվաբեր ճանապարհի յուրաքանչյուր խաչմերուկում եւ ամեն մի կեռմանի վրա կանգնած են եղել մարդիկ՝ գործիչներ ու նվիրյալներ: Նրանք կանգնած են եղել մեր պետականության ակունքներում եւ մինչեւ այսօր իրենց հեղինակավոր ձայնն ունեն մեր կյանքում:

Այսօր մենք արժանին ենք մատուցում նրանց:

Հարգելի՛ պարգեւատրվածներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ: Դուք տարբեր եք եւ ձեր գործունեությունն էլ է տարբեր՝ զինվորական, գրող, գիտնական, հասարակական, պետական ու քաղաքական գործիչ: Բայց դուք բոլորդ, մենք բոլորս անում ենք ընդհանուր գործ: Դուք ձեր գործով ու վարքով, ձեր կատարած աշխատանքով արդեն հասցրել եք հեղինակություն վայելել մեր ժողովրդի մոտ: Ձեր դիրքորոշումը, կեցվածքն ու կարծիքը մեր առջեւ ծառացած խնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ կարեւոր են ու ազդեցիկ մեր հասարակության համար:

Այս օրերին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ մենք պարգեւատրում ենք գործիչների, ովքեր պատմական մեծ պատասխանատվության բեռ են կրում, կրում են արժանապատիվ կերպով եւ մեծ նվիրումով: Պարգեւատրում ենք մարդկանց, ովքեր վաղուց արդեն խորհրդանիշներ են դարձել: Պարգեւատրում ենք նաեւ մեր երկրի, մեր հասարակության կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների, երիտասարդների, ովքեր արդեն իսկ իրենց կարեւոր ներդրումն ունեն մեր երկրի զարգացման գործում: Դուք բոլորդ, հարգելի՛ ներկաներ, ներկայացուցիչներն եք այս օրերին պարգեւատրվող բոլոր գործիչների: Մենք հպարտ ենք եւ ուրախ, որ դուք մեզ հետ եք եւ ձեր ուրույն տեղը, դերը ու նաեւ ասելիքն ունեք:

Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ: Շնորհակալություն, որ դուք կաք: Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, երկար կյանք եւ անսպառ եռանդ ձեր գործունեության մեջ, քանի որ դուք բացառիկ ու շնորհակալ գործ եք կատարում, եւ շատ վստահ եմ, որ շարունակելու եք անել մեր երկրի եւ ժողովրդի համար ամեն հնարավորը: Անելու եք հանո՛ւն Հայաստանի: Շնորհակալ եմ: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ: