Երեւանում ընթացող եռագույններով երթի մասնակիցներին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցներից Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ իրենք այժմ շարժվում են դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ընթերցելու են Անկախության հռչակագիրը:

Նախաձեռնությունն ավելի վաղ տարածել էր հաղորդագրություն, որում ասվում է. «Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձն է, մի տոն, որի հիմքում ընկած է անկախությունը, մի տոն, որի ամեն մի մասնիկը պետք է լինի ինքնիշխանություն ընդգծող, մի տոն, որի շքերթի ժամանակ ըստ ավանդույթի իր ռազմական կարողություններն է ցուցաբերում հայոց բանակը, մի տոն, որի սիմվոլը պետք է լինի Հայաստանի դրոշը: Սակայն օրերս տարածվեցին լուսանկարներ, որտեղ ակնհայտ երեւում էին, որ ռուսական զորքը նույնպես ռուսական դրոշով անցնելու է հրապարակով, որտեղ Հայաստանի խաղաղապահ գունդը չգիտես ինչու պարզում է ԱՄՆ, Գերմանիա եւ այլ երկրների դրոշները:

Եթե ԱՄՆ, Գերմանիա եւ այլ երկրների դրոշների պարզումը ուղղակի անմտության արդյունք է, ապա ռուսական զորքն ու ռուսական դրոշի ներկայությունը Հայաստանում տեւական ժամանակ է ինչ քարոզվում է: Մեր ժողովրդի մի մասը մոռացել է, որ հենց 25 տարի առաջ մենք անկախացանք Ռուսաստանից/ԽՍՀՄ

Տարիներ առաջ Հայաստանը ռուսական ԵԱՏՄ-ին բռնակցելով վտանգի տակ դրեցին Հայաստանի անկախության թույլ հիմքերը եւ օր օրի նոր զիջումներով փորձում են վերջնականապես խալխլեն Հայաստան պետության հիմքերը:

Ուստի մենք` Հայաստանի հանրապետության անկախության արժեքը գնահատող քաղաքացիները, մտահոգվելու, պայքարելու եւ մարդկանց իրազեկելու կարիք ունենք»: