«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կալանավայրից դիմել է հայ ժողովրդին՝ շնորհավորելով անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:
Նամակում մասնավորապես ասվում է. «Անկախության նվիրական տոնը մենք նվաճել ենք հերոսական պայքարով: Մեր ազգի բազմաթիվ զավակներ իրենց կյանքը դրեցին զոհասեղանին՝ պահպանելու Անկախությունը. փառք եւ պատիվ նրանց:
Անկախության 25-ամյակը մենք նշում ենք Հայաստանում ժողովրդաիշխանության բացակայության պայմաններում: Սակայն մենք մեր ամբողջ պատմության ընթացքում ապացուցել ենք, որ մեր հավաքական ուժը երբեւէ հնարավոր չէ ընկճել կամ կոտրել:
Ինչպես 88-ին ազգովի, այնպես էլ 2016-ին մենք՝ Ծռերս, ելանք մեր պապերի ու հայրերի ազատատենչ պայքարը շարունակելու ու անկախ Հայաստանում ժողովրդի իրական իշխանությունը հաստատելու:
Շնորհավորում եմ բոլորիս՝ հայ ժողովրդին, մեր հայրենիքը պաշտպանող զինվորին, ժողովրդին իրապես ծառայող ոստիկանին եւ մաղթում, որ հաջորդ տոնը նշենք Ազգիս պատիվը չնսեմացնող եւ ժողովրդին ծառայող առաջնորդներով:
Մենք կանգուն ենք մեր լեռների պես»:





























