Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որը ամբողջովին վերահսկում է իր տարածքը: Այս մասին սեպտեմբերի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով մեր հարեւանները ՝ Վրաստանն ու Ադրբեջանը, դրանով պարծենալ չեն կարող: «Հայաստանը «Արեւելյան գործընկերության» միակ երկիրն է՝ Բելառուսից բացի, որը ամբողջովին վերահսկում է իր տարածքը: Հայաստանը Հարավային Կովկասի նավթային երկրների ֆոնին բավականին վայելուչ տնտեսություն ունի: Լավ թե վատ՝ ստեղծված է քաղաքական համակարգ, որում կան քաղաքականության տարրեր»,- նշել է Իսկանդարյանը: Նախկին ԽՍՀՄ 12 երկրներից, շարունակեց նա, Մերձբալթիկայից բացի, քիչ թե շատ հրապարակային քաղաքականություն ունեն 5 երկրներ՝ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը, Ղրղզստանը: Մնացած 7 երկրները դրանով գլուխ գովել չեն կարող»,- շեշտեց Իսկանդարյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչին չի հաջողվել հասնել անկախության 25 տարիների ընթացքում ՝ քաղաքագետը նշեց. «Հայաստանում քաղաքական համակարգը բավականին տուրբուլենտային է: Կա բեւեռականացում ու մարդկանց ու վերնախավի միջեւ խզում: Վերնախավը չունի իսկական լեգիտիմություն: Շատ թույլ է կուսակցական համակարգը՝ քաղաքական կուսակցություններ, կարելի է ասել, չկան: Ներքին քաղաքականության մեջ տեղի է ունենում առաջնորդների ռոտացիա, այդուհանդերձ մենք սուլթանություն չենք: Բայց այդ ռոտացիան տեղի է ունենում հասարակության շատ ցածր վստահության ֆոնին»: