Աժ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու էդմոն Մարուքյանը այդպես էլ համաձայնության չեկան Վանաձորի ընտրություններում ՀՀկ-ի դեմ միասնաբար պայքարելու հարցի շուրջ։ Նրանց ղեկավարած կուսակցություններից որեւէ մեկը ինքնաբացարկ չի հայտնի, կշարունակեն պայքարել միմյանց դեմ։ Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես եկավ հետեւյալ հայտարաությամբ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը կուսակցության անունից պարտավորվել էր, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վանաձորում հօգուտ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ինքնաբացարկ կհայտնի, եթե.
1. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարի, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։
2. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարի, որ Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։
3. ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր Սերժ Սարգսյանին Իմպիչմենտի ենթարկելու նախագիծ ներկայացնի ԱԺ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը սեպտեմբերի 22-ին, ժամը 15-ի սահմաններում հանդես է եկել հայտարարությամբ, որով.
1. Չի հայտարարել, թե Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար եւ այս հարցին որեւէ անդրադարձ չի արել:
2. Չի հայտարարել, թե Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ եւ այս հարցին որեւէ անդրադարձ չի արել:
Ժամը 18.00-ի դրությամբ Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու նախագիծ չի ներկայացրել ԱԺ:
Այսպիսով՝ Էդմոն Մարուքյանը եւ ի դեմս նրա՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկի բոլոր երեք կետերը, ինչը նշանակում է, որ մենք շարունակելու ենք մեր ընտրապայքարը Վանաձորում եւ շարունակում ենք պնդել «Լուսավոր Հայաստանի» եւ Էդմոն Մարուքյանի գործունեության վերաբերյալ մեր կուսակցության Վարչության ներկայացուցիչների՝ նախկինում արած հայտարարությունները:
Ինչ վերաբերում է մեր հեղինակած Իմպիչմենտի նախագծին, ԱԺ պատգամավորը պարտավոր էր իմանալ, որ ԱԺ-ի կողմից այն մերժվելուց հետո դուրս է եկել շրջանառությունից եւ հիմա ԱԺ-ում շրջանառվող փաստաթուղթ չի համարվում, ուստի այլ պատգամավորների միանալը դրան հնարավոր չէ:
Դրան միանալ կամ դրա օգտին քվեարկել հնարավոր էր այն ժամանակ, երբ փաստաթուղթը ԱԺ-ում գտնվում էր շրջանառության մեջ, ինչը պարոն Մարուքյանը չի արել»:
Ավելի Վաղ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով Էդմոն Մարուքյանի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի միավորվելու և միասնական ուժերով
«Հանրապետական» կուսակցության հաղթանակ տոնելու կոչին, հայտարարել էր, որ ՔՊ-ի թկենածուն ինքնաբացարկ կհայտարարի, եթե Մարուքյանը հայտարարի, որ Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։
2.Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով եւ չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։
3.Վաղը ողջամիտ ժամկետում Ազգային ժողովին ներկայացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ»։
Մարուքյանն էլ արձագանքեց հետեւյալ պատասխանով․ «․․․Վերջին շրջանում այդ ուժի ներկայացուցիչների կողմից ամեն բան արվել է Լուսավոր Հայաստան կուսակցությանը զրպարտելու, համագործակցության հնարավորությունները խաթարելու և կանխելու միասնաբար առաջ շարժվելու հնարավորությունները: ՔՊ կուսակցության վերջին հայտարարություն-առաջարկը ևս կրում է ոչ թե համագործակցային բնույթ, այլ իր մեջ պարունակում է քաղաքական շանտաժի տարրեր, ինչն առհասարակ դեմ է մեր մշակույթին և արժեքներին, այնուհանդերձ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Վանաձորում արդեն իսկ սկսվել է Հանրապետական կուսակցությանը իշխանությունից զրկելու անկասելի գործընթաց և այդ գործընթացի առաջամարտիկը Լուսավոր Հայաստան կուսակցությունն է: Եթե Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքում, ՀՀԿ-ին միասնաբար հաղթելու համար, ՔՊ-ին խանգարող միակ հանգամանքը իմ՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագծին միանալու մեջ է , ապա, առանց վարանելու պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե մինչև այսօր՝ ժամը 18:00-ն, ՔՊ-ն ի պաշտպանություն Լուսավոր Հայաստանի ինքնաբացարկ հայտարարի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում, ապա անմիջապես դրանից հետո՝ ցանկացած պահի, պատրաստ եմ միանալ Նիկոլ Փաշինյանի հեղինակած իմպիչմենտի նախագծի տակ (ինչպես առաջարկվել է ՔՊ-ի կողմից): Այս պահին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի միասնաբար հաղթանակ տանել Հանրապետական կուսակցության նկատմամբ, և մեր բոլորի գործողությունները պետք է միտված լինեն այդ նպատակին»:





























