Չինական մեծ պատի վերանորոգումը սկանդալի պատճառ է դարձել: Չինական լրատվամիջոցները եւ համացանցի օգտատերերը քննարկում են երկրի հյուսիս-արեւելքում Լյաոնին նահանգում Չինական մեծ պատի 700-ամյա հատվածի վերականգնման արդյունքները: Պատի գրեթե 2 կիլոմետր երկարությամբ հատվածը շինարարները պարզապես բետոնալցել են, հայտնում է Newsru-ն:
«Չինական մեծ պատն այժմ ոչ մեծ ճանապարհի տեսք ունի, ինչը սարսափելի է: Դա վերականգնում չէ, դա իսկական կործանում է»,- The Telegraph-ի փոխանցմամբ՝ իր վրդովմունքն է հայտնել տեղական պարբերականներից մեկը:
Շրջանային պաշտոնյաները խոստովանել են, որ «վերականգնողների» աշխատանքն առանձնապես տպավորիչ չէ, սակայն, նրանց կարծիքով, ավելի լավ է այսպես, քան հուշարձանի լիակատար կործանում թույլ տալը: Հիմա գոնե զբոսաշրջիկները չեն կարողանա պատմական աղյուսները գողանալ, եւ պատն անձրեւից ու քամուց քիչ թե շատ պաշտպանված կլինի, ասել են Լյաոնինի վարչակազմից:





























