Ամերիկյան Օքլահոմա նահանգի Թալսա քաղաքի դատախազությունը սեպտեմբերի 16-ին անզեն աֆրոամերիկացի Թերենս Քրաթչերին գնդակահարած ոստիկանության սպա Բեթթի Շելբիին չկանխամտածված սպանության մեղադրանք է առաջադրել: Այս մասին գրում է WSJ-ը:

Կադրերում երեւում է, թե ինչպես է Քրաթչերը վեր պարզած ձեռքերով հեռանում սպայից, սակայն տեսանյութը հստակ պատկերացում չի տալիս այն մասին, թե հատկապես երբ է Շելբին կրակում եւ սպանում նրան:

Կին ոստիկանի փաստաբանը պնդում է, որ զոհը չի ենթարկվել ոստիկանության պահանջներին, եւ Շելբին կրակել է, երբ Քրաթչերը հասել է մեքենայի պատուհանին: Չորս երեխաների հայր Քրաթչերի ընտանիքը, սակայն, պնդում է, որ նա սպառնալիք չի ներկայացրել ոստիկանների համար, եւ նրա մեքենայում զենք չի եղել: