Ավստրիան կաշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածությունը թուլացնելու եւ վստահությունը վերականգնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Քուրցը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ նիստում:

«Անվտանգության եւ կայունության հասնելու համար աշխարհին անհրաժեշտ էին ՄԱԿ-ը, ԵՄ-ը, ԵԱՀԿ-ն: Որպես 2017-ին ԵԱՀԿ նախագահ՝ Ավստրիան կձգտի վստահության վերականգնմանը եւ Ուկրաինայի, Վրաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակամարտությունների շուրջ իրավիճակի թուլացմանը»,- հայտարարել է նախարարը:

Իր ելույթում նա նշել է, որ աշխարհի մյուս հատվածներում տեղի ունեցող իրադարձությունները կարող են անմիջական ազդեցություն ունենալ բոլորի վրա, եւ աշխարհը հայտնվել է սպառնալիքների ու անկայունության կտրուկ աճի խնդրի առաջ: