Օրենքի կոպիտ խախտում է, որ մեկ անգամ կառավարման հավաստագիր ստացած` դպրոցների տնօրեններն այլեւս քննություն չեն հանձնում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:
«Լեւոն Մկրտչյանը, գալով նախարար, տնօրենների քննության մրցույթին հայտնեց, որ անհարմար է զգում, որ տնօրենները քննություն են հանձնում եւ հայտարարեց, որ մեկ անգամ քննություն հանձնելով հավաստագիր էր ստանում ամբողջ կյանքի համար: Բայց ինչու չպիտի քննություն տա տնօրենը: Ամո՞թ է քննություն տալը: Նույնն է, որ ասենք` ուսանողն առանց քննություն տալու դիպլոմ ստանա»,- ասաց նա:
Անդրադառնալով պարտադիր 12-ամյա կրթությանը, Անահիտ Բախշյանը կարծիք հայտնեց, որ ողջունելի է դա, սակայն հավելյալ խնդիրներ է առաջացնում, որոնք կրթության եւ գիտության նախարարությունը հաշվի չի առել:
«Լավ է, ես կողմ եմ այդ օրենքին: Բայց միջին մասնագիտական կրթություն տվող հաստատություններ չկան օրինակ Արագածոտնի մարզում: Գյուղերում հիմնականում միջնակարգ դպրոցներ են, միջին մասնագիտական կրթություն տալու պայման, տեղ եթե չկա, ՞ոնց է լինելու, ի՞նչ պիտի անեն երեխաները: Արդյոք կառավարությունը մտահվոգված է այս խնդրով, չի երեւում »,- ասաց նա:
Ըստ Անահիտ Բախշյանի` ամենակարեւոր խնդիրներից է այն, որ կուսակցական քարոզչություն է իրականացվում կրթական հաստատություններում` հատկապես բուհերում, որոնց կառավարման խորհուրդների ղեկավարները հիմնականում «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներ են:
Ոլորտի խնդիրներից է նաեւ, ըստ փորձագետի, այն, որ արվեստի դպրոցներում դասավանդողները մանկավարժ չեն համարվում ու ստանում են նվազագույն աշխատավարձ:
Անահիտ Բախշյանը նորանշանակ վարչապետին կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել կրթության ոլորտի խնդիրներին եւ ունենալ ոլորտի խնդիրներն իմացող նախարար:




























