«Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով առաջիկայում ցուցմունք կտա Երեւանի ավագանու անդամ, գործարար Արմեն Երեմյանը: Այսօր` սեպտեմբերի 23-ին, նման միջնորդություն ներկայացրել մեղադրող դատախազը:

Նշենք, որ դատարանում շարունակում են ընթերցել գործով վկաների նախաքննական ցուցմունքները, քանի որ վերջիններս դատարան չեն ներկայացել: Երբ հերթը հասավ Արմեն Երեմյանի ցուցմունքին, մեղադրող դատախազը հայտնեց, որ իրենք պետք է դատարան հրավիրեն Երեմյանին, քանի որ նրա ցուցմունքը դրված է մեղադրական եզրակացության մեջ: Դատարանը դեռ որոշոըմ չի կայացրել:

Նշենք, որ ավագանու անդամի երկու եղբայրներն այս գործով մեղադրյալ են եղել. նրանք մեղադրվում էին Լեւոն Ղազարյանի սպանության մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանին, Սարգիս Հախանումյանին եւ Վահան Հակոբյանին պարտակելու մեջ: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` դեպքի օրը մեղադրյալները եղել են Երեմյան եղբայրներին պատկանող «Միլենա» տաքսի ծառայությունում, սակայն հետո տեսաձայնագրությունը եղբայրները ջնջել են:

Դատական նիստը շարունակվում է:

Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: