Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բերման չենթարկել «Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով վկա, Երեւանի ավագանու անդամ, գործարար Արմեն Երեմյանին:

Այսօր` սեպտեմբերի 23-ին, դատական նիստի ավարտին դատավորը հայտնեց, որ Արմեն Երեմյանը մի քանի անգամ հրավիրվել է դատարան ցուցմումք տալու, ավելին նրան բերման ենթարկելու որոշում էլ է կայացվել, սակայն նա այդպես էլ չներկայացավ: Դատավորն ընթերցեց ավագանու անդամի նախաքննական ցուցմունքը:

Արմեն Երեմյանը` որպես կասկածյալ, իր ցուցմունքում նշել է, որ Լեւոն Ղազարյանի եւ ընկերների սպանության մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանի, Սարգիս Հախանումյանի եւ Վահան Հակոբյանի հետ որեւէ շփում չի ունեցել, միայն մեղադրյալներից մեկին տեսել է ընտրարշավի ժամանակ:

Նշենք, որ ավագանու անդամի երկու եղբայրներն այս գործով մեղադրյալ են եղել. նրանք մեղադրվում էին Լեւոն Ղազարյանի սպանության մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանին, Սարգիս Հախանումյանին եւ Վահան Հակոբյանին պարտակելու մեջ: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` դեպքի օրը մեղադրյալները եղել են Երեմյան եղբայրներին պատկանող «Միլենա» տաքսի ծառայությունում, սակայն հետո տեսաձայնագրությունը եղբայրները ջնջել են: Արմեն Երեմյանն իր ցուցմունքում նշել է, որ ինքը տեսաձայնագրություն ջնջելու ոչ մի հրաման չի տվել: Լրացուցիչ հարցաքննության ժամանակ Երեմյանը, սակայն, հաստատել է, որ ինքը տեսաձայնագրություն է ջնջել: Ավելի ուշ որպես մեղադրյալ Արմեն Երեմյանը հրաժարվել է ցուցմունք տալ:

Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 27-ին:

Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: