Ստամբուլի բնակիչները ակցիա են անցկացրել՝ ի աջակցություն կիսատաբատ հագնելու համար ավտոբուսում ծեծի ենթարկված բուժքրոջը, հայտնում է Associated Press–ը

 Կիսատաբատ հագած մարդիկ հավաքվել են Ստամբուլի կենտրոնում սեպտեմբերի 25-ին, դատապարտելու համար երիտասարդ կնոջ վրա հասարակական տրանսպորտում կատարված հարձակումը:

35-ամյա Աբդուլլա Չաքիրօղլուն խոստովանել էր, որ ավտոբուսում հարձակվել ու հարվածել է կնոջ դեմքին, բայց հետո նրան ազատ են արձակել: Հանրայն դժգոհությունից հետո նա նորից է կալանավորվել ատելություն սերմանելու ու ազատության իրավունքին միջամտելու մեղադրանքով:

«Ինչպես մենք չենք միջամտում նրանց գործերին, ովքեր գլխաշորով են, ադպես էլ մենք ակնկալում ենք, որ նրանք էլ մեր հանդեպ նույնքան սիրալիր կգտնվեն»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Թուրքիայի Վարչապետ Բինալի Յըլդըրըմը դատապարտել էր հարձակումը՝ Չաքիրօղլուին անվանելով «աննորմալ»: