Կառավարությունը հավանություն չի տվել «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ «ԲՀԿ» կուսակցության խորհրդարանական խմբակցության օրինագծին: Կառավարությունը բացասական եզրակացությունը հաստատել է սեպտեմբերի   29-ին:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հայտնել է, որ օրինագծի գաղափարը պարզ է. աջակցել երկրի արդյունաբերության համար կարեւոր ձեռնարկությանը: Այնուամենայնիվ, Արդարադատության նախարարության եզրակացության համաձայն, օրինագիծը Սահմանադրության հետ հակասության մեջ է մտնում: Այդ պատճառով առաջարկվում է այն դարձյալ քննարկել համապատասխան պետմարմինների հետ: 

Օրինագծի հեղինակներն առաջարկում են խորհրդարանական հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրեր գործարանի գործունեությունը, իսկ հետո կվերահսկեր հնարավոր ներդրողների պարտավորությունների կատարումը: Հանձնաժողովի մեջ կներգրավվեն կառավարության, ինչպես նաեւ հենց ձեռնարկության ներկայացուցիչներ:  Այդ կապակցությամբ եզրակացության մեջ նշվում է, որ պետական վերահսկողությունը գործադիր, որ թե օրենսդիր իշխանության գործն է:  Օրինագծում եւս մեկ առաջարկ կա. գործարանը  5 տարով ազատել հարկերից, եթե 70 մլն դոլար եւ ավելին առաջարկող ներդրող հայտնվի: Դրա դեմ նախարարներն առարկություններ չեն ներկայացրել: 

Հիշեցնենք, որ  2006 թվականին պետությունը  «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի  90 տոկոսը վաճառել է բրիտանական  «Rhinoville Property Limited» կոնսորցիումին` 40 մլն դոլարով: Այդ ժամանակվանից ընկերությունը գործնականում ոչ մի անգամ հանդես չի եկել հանրության կամ մամուլի առաջ:  2006 թվականին ԱՊՀ-ի Միջպետբանկը  «Rhinoville» -ի համար 70 մլն դոլարի վարկային գիծ է բացել, որն ընկերությունը չի փակել:  2014 թվականի հունվարին Մոսկվայի Արբիտրաժային դատարանը բավարարել է բանկի հայցը գործարանի վերոհիշյալ  բաժնետոմսերի 90 տոկոսը պարտքի դիմաց առգրավելու վերաբերյալ: Մնացած 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը:  2015 թվականի դեկտեմբերին բանկի հետ բանակցությունների արդյունքում կառավարությունը ստացել է նաեւ մնացած 90 տոկոսը: Համաշխարհային շուկաներում պահանջված քլորոպրենային կաուչուկ արտադրող ձեռնարկությունը կանգնած է 2010 թվականի ապրիլից: