Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` սեպտեմբերի 29-ին, որոշեց ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանի, Գագիկ Միքայելյանի եւ Սոսո Մարգարյանի գործերի քննությունն ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: NEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Միքայելյանի պաշտպան Անի Չատինյանը նշեց, որ դատարանը տեղեկացրել է, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարից  գրություն է ստացել, ըստ որի` Խորենացի եւ Քրիստափորի փողոցների խաչմերուկը գտնվում է Կենտրոն վարչական շրջանի տարածքում եւ որոշել է գործն ուղարկել Կենտրոնի դատարան:

«Դատարանը հարցրեց կողմերի կարծիքը, մենք բնականաբար, դեմ արտահայտվեցինք, քանի որ արդեն վարույթ  ընդունվելուց եւ դատական քննության նշանակվելուց հետո էր պարզվել, որ այդ դատարանն է քննելու: Հիմա պետք է սպասենք, որ գործը կրկին վարույթ ընդունվի եւ այլն ու տղաները ստիպված են լինելու մի քանի շաբաթ անազատության մեջ ավելի լինել»,-ասաց փաստաբանը:

Գագիկ Միքայելյանը մեղադրվում է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քարեր նետելու մեջ:  Ըստ փաստաբանի` իր պաշտպանյալը հուլիսին Խորենացի փողոցում մասնակցել է խաղաղ հավաքների եւ որեւիցե մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել:

Ըստ մեղադրական եզրակացության` Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը եւ Սոսո Մարգարյանը «Սասնա Ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն են գործադրել եւ զանգվածային անկարգություններ հրահրել: