Երեւանի Նոր Նորքի հանրակացարաններից մեկի նկուղում բնակվող Շահբազյանների 5 հոգանոց ընտանիքին սեպտեմբերի 29-ին փորձել են բռնի ուժով դուրս հանել տարածքից: «Եկել էին պատն էին ջարդում, ասում էին երկու ժամ ժամանակ ունեք, որ դուրս գաք տարածքից: Մենք էլ ոստիկանություն կանչեցինք, հետո գնացինք ոստիկանություն, որտեղից զանգեցին էդ մարդկանց ու սեփականաշնորհման փաստաթուղթ էին ուզում, շատ ջղայինացած էի, չկարողացա մնալ մինչեւ վերջ եւ դուրս եկա»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ընտանիքի հայրը` Կարո Շահբազյանը:
Մեզ հետ զրույցում ընտանիքի մայրը` տիկին Մանուշն էլ պատմեց, որ երեք անչափահաս երեխաների հետ, որոնցից 10-ամյա Սարգիսը Երեւանյան հիվանդությամբ է տառապում, այժմ անորոշ վիճակում են: Շահբազյաններն անընդհատ սպասում են, որ իրենց ամեն րոպե կարող են գալ եւ դուրս հանել տարածքից. «Հիվանդ երեխու հետ դրսում ենք հայտնվելու, չգիտեմ ինչ ենք անելու: Ամեն րոպե վախը սրտերումս սպասում ենք, որ գալու են հեսա հանեն»:
Տարածքը որտեղ արդեն յոթ ամիս Շահբազյաններն իրենց երեք անչափահասների հետ ապրում են, լքված է եղել. տիկին Մանուշի խոսքով, բնակարանը կորցնելուց հետո, դրսում չհայտնվելու համար ստիպված են եղել հանրակացարանի նկուղից մաքրել սատկած առնետներն ու շինանյութը եւ բնակություն հաստատել այնտեղ: Սենյակը զուրկ է տարրական կենցաղային պայմաններից` չկա լույս, գազ եւ ջուր, Շահբազյաններին օգնում են հարեւանները. «Էս ցրտին դուռը բաց ենք թողնում, որ լույս լինի, արդեն եզրակացրեք` ինչ վիճակում ենք»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շահբազյան ամուսինները, իրենց երեք անչափահաս երեխաների հետ ապրելու տեղ չունեն: Մանուշ Շահբազյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ իրենց 10-ամյա տղայի` Սարգիսի մոտ 6 տարի առաջ հայտնաբերվել է Երեւանյան հիվանդություն եւ նրանք ստիպված են եղել նրա բուժման համար տոկոսով գումար վերցնել, ավելի ուշ` չեն կարողացել գումարը վճարել եւ զրկվել են Նոր Նորքում գտնվող հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանից: Նա նշել էր, որ այժմ ամուսնու եւ 8, 10 եւ 13 տարեկան երեխաների հետ բնակվում են հանրակացարանի շենքում գտնվող նկուղում, որտեղից իրենց նույնպես դուրս են հանում:





























