Կոլումբիական ձախ ծայրահեղական FARC խմբավորումը համաձայնել է իր բոլոր ակտիվները փոխանցել՝ իր գործողությունների հետեւանքով տուժածներին փոխհատուցում տրամադրելու համար: Երկրի իշխանությունների տվյալներով՝ խմբավորումը հսկայական հողատարածքներ, ֆերմերային տնտեսություններ, շինարարական ընկերություններ եւ խանութներ ունի:

BBC-ի հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ այդ ակտիվների օգնությամբ խմբավորման անդամները զբաղվել են թմրանյութերի վաճառքի, շորթման եւ առեւանգումների արդյունքում ստացված փողերի լվացմամբ:

Փոխհատուցում վճարելու մասին FARC-ը հայտարարել է հանրաքվեի նախաշեմին, որի ընթացքում երկրի քաղաքացիները պետք է հավանության արժանացնեն կամ մերժեն իշխանությունների եւ զինյալների միջեւ կնքված զինադադարի պայմանները:

Սեպտեմբերի 27-ին FARC-ի առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնյոն, որն առավել հայտնի է Տիմոլեոն Խիմենես կամ Տիմոշենկո անունով, ներողություն էր խնդրել բոլոր նրանցից, ովքեր տուժել են կոլումբիական իշխանությունների հետ ապստամբների պատերազմի 52 տարիների ընթացքում:

Իշխանության հետ կնքված գործարքի համաձայն՝ FARC-ը հրաժարվում է զինված պայքարից եւ քաղաքական կուսակցություն դառնում, որը մասնակցելու է 2018 թվականի ընտրություններին: