2016թ. սեպտեմբերի 30-ին Սոչիի տնտեսական ֆորումի գործնական ծրագրի շրջանակում Ռուսաստանի Դաշնության Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման դաշնային կորպորացիան (ՓՄՁ կորպորացիա)  եւ «Հայաստանի  Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Կորպորացիայի կողմից փաստաթուղթը ստորագրել է գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բրավերմանը, ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից՝ գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը:

Հուշագրով կողմերը պլանավորում են հաստատել երկարաժամկետ համագործակցություն փորձի փոխանակման ոլորտում` ՓՄՁ ոլորտի զարգացման հիմնական ուղղություններով՝ ներառյալ ֆինանսական, երաշխիքային, տեղեկատվական, մարկետինգային աջակցություն, ՓՄՁ սուբյեկտների կողմից պետական սեփականություն հանդիսացող խոշորագույն ընկերությունների գնումների մուտքի ընդլայնում, տարածքային կոմպլեքս, ինչպես նաեւ ձեռնարկատիրության եւ բիզնես-գործընթացների իրականացման ոլորտների ուսումնական ծրագրերի մշակում եւ իրականացում:

Կողմերը նաեւ մտադրություն հայտնեցին աջակցություն ցուցաբերել երկու պետությունների գործարար համայնքների միջեւ համագործակցության հաստատմանն ու փոխադարձ խորհրդատվությունների անցկացմանը, գործակցել լավագույն փորձի տարածման հարցում, օժանդակել համատեղ նախագծերի ձեւավորմանն ու առաջխաղացմանը, ռուսական եւ հայկական ընկերությունների համար գոյություն ունեցող բիզնես-հնարավորությունների մասին տեղեկատվության տարածմանը:

Բացի այդ՝ ՓՄՁ կորպորացիան եւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կխրախուսեն ռուսական եւ հայկական ՓՄՁ սուբյեկտների միջեւ համատեղ նախագծերի եւ համագործակցության այլ ձեւերի ստեղծումն ու զարգացումը, այդ թվում առեւտրաարտադրական եւ գիտատեխնիկական կոոպերացիան, համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, նորամուծությունների եւ յուրաքանչյուր կողմի համար առաջնային գործունեության ոլորտներում: Համատեղ խնդիրներից մեկն է Ռուսաստանի եւ Հայաստանի տարածքում ցուցահանդեսային եւ տոնավաճառային, համագումարային եւ ուսուցողական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, դրանցում երկու երկրների գործարարների, գործարար հասարակական կազմակերպությունների եւ միավորումների, ինչպես նաեւ ՓՄՁ ոլորտի զարգացման ինստիտուտների մասնակցությունը:

Համագործակցությունը կիրականացվի տեղեկատվության փոխանակման, համատեղ հանդիպումների անցկացման, աշխատանքային եւ խորհրդատվական խմբերի ստեղծման ձեւաչափով: