Արթիկում ընտրակաշառքներ չեն բաժանում, պնդում է Արթիկի քաղաքապետի թեկնածու Մուշեղ Պետոյանը:

«Այդպիսի բան չկա: Դուք ինձանից լավ գիտեք, որ Արթիկում այդպիսի բան չկա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Նրա խոսքով՝ քաղաքի բնակիչները այսօր ակտիվորեն մասնակցում են ընտրություններին, իսկ օրվա ընթացքում իր վստահված անձինք լուրջ խախտումներ չեն նկատել:

Խոսելով սեփական քվեարկության մասին՝ Պետոյանը նշեց. «Թե ես ինչպես եմ քվեարկել՝ գաղտնիք է: Բայց ես քվեարկել եմ հանուն մեր Արթիկի ապագայի»:

Իսկ ահա, Արթիկի քաղաքապետի թեկնածու Մխիթար Վարագյանի վստահված անձինք նշեցին, որ ընտրությունների ընթացքում մեծ թվով խախտումներ է նկատել: Մասնավորապես՝ 36/2, 36/4 եւ 36/5 ընտրատեղամասերում քվեաթերթիկները թաքցնելու կամ շենքից դուրս բերելու փորձեր են եղել, իսկ ընտրական հանձնաժողովը չի ցանկացել այդ խախտումներն արձանագրել: Այս մասին մեր թղթակցին ասաց Մխիթար Վարագյանի ընտրական շտաբի պետի օգնական Գեւորգ Պտուկյանը:

Նրա խոսքով՝ երկու քվեաթերթիկներն էլ, որ ցանկանում էին թաքցնել եւ դուրս բերել, հայտնաբերվել եւ վերադարձվել են:

«Խախտումներ իրականացվում են, եւ դրանք մեր ընտրական համակարգից են բխում»,- ասաց Պտուկյանը: