Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի եւ Ֆիլիպինների միջեւ պաշտպանական համագործակցության ընդլայնման վերաբերյալ պայմանագրի վերանայման մասին, որը կողմերը ստորագրել են 2014 թվականին: Նա նշել է, որ չի բացառում այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ից կպահանջի Ֆիլիպինների տարածքից ԱՄՆ զորքերի լիակատար դուրսբերում, փոխանցում է «Սինհուա»-ն:
Նրա խոսքով՝ այդ պայմանագիրը սոսկ վարչական հրաման է, որի տակ չկա նախագահի ստորագրությունը: Նա ԱՄՆ-ին զգուշացրել է, որ եթե պայմանագրի մեջ չհիշատակվի համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին, ապա «վախենում եմ, որ ԱՄՆ ռազմական ուժերը լիակատար կազմով կլքեն Ֆիլիպինները»:
Դուտերտեն հերթական անգամ միջազգային հանրությանը կոչ է արել չմիջամտել Ֆիլիպինների ներքին գործերին: Նա նաեւ հայտարարել է, որ արտաքին կապերի ուղղությամբ կմերձեցնի Չինաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները:





























