Օկինավա պրեֆեկտուրայի Կումեձիմա կղզու 10 հազար բնակչությունից ավելի քան 8 հազարը տարհանման խորհուրդ է ստացել «Չաբա» ուժեղ թայֆունի մ ոտեցման պատճառով, որը ըստ ճապոնական դասակարգման ստացել է «18» շարքային համարը, հայտնում է կղզու աշխատակազմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Կղզին գտնվում է թայֆունի ճանապարհին ու իշխանությունները ուզում են ձեռնարկել բոլոր կանխարգելիչ քայլերը։

Տրանսպորտի երթեւեկությունը դադարեցված է, կեսօրից հետո փակվել են երկու ավանների մունիցիպալիտետները։

Թայֆունը արդեն այսօր երեկոյան կմոտենա կղզիներին։ Իսկ հետո, փոխելով ուղղությունը, կանցնի Ճապոնիայի գրեթե ամբողջ տարածքով։ Թայֆունի կենտրոնում ճնշումը կազմում է 925 հեկտոպասկալ։ Քամու  ուժգնությունը վայրկյանում 50 մետր է, երբեմն էլ հասնում է 70-ի։

Օկինավայում մեկ օրում ակնկալվում է մինչեւ 200 միլիմետր տեղումներ, իսկ հարավ-արեւմտյան Կյուսյու կղզում մեկ օրում 100-200 միլիմետր տեղումներ են սպասվում։