Անհրաժեշտ է կարգավորել Երեւանի կենտրոնում առեւտրի կենտրոնների եւ հիպերմարկետների հարցը: Այս մասին հոկտեմբերի 3-ին խորհրդարանում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ «Տեղական տուրքերի եւ վճարումների մասին» օրենքում փոփոխությունների քննարկմանը: Օրինագծով առաջարկվում է տուրքերը բարձրացնել հասարակական սննդի ավելի խոշոր օբյեկտներից, նաեւ ալկոհոլի եւ ծխախոտի վաճառքից (վճարումները կպայմանավորվեն դրանց չափերով):

«Դեռեւս լուծված չէ առեւտրի կենտրոնների հարցը: Արեւմուտքում դրանք չեն գտնվում քաղաքի կենտրոնում: Կամ, եթե նույնիսկ այնտեղ են հայտնվում, վերեւ են ձգվում, այլ ոչ թե լայնությամբ: Իսկ մեզ մոտ հակառակն է, եւ դրանից տուժում են շրջակայքի փոքր խանութները»,- հայտարարել է նա:

«Անհրաժեշտ է դիտարկել Երեւանում եւ շրջաններում առեւտրի ավելի հավասարաչափ տեղաբաշխման հնարավորությունները: Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը խոստովանել է, որ մայրաքաղաքում է կենտրոնացած ամբողջ մանրածախ առեւտրի 82,6 տոկոսը: Այս իրավիճակը պետք է փոխել»,- հավելել է պատգամավորը: