«Հյուսիս - հարավ» ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում ԱԶԲ-ն  բարեհաջող ավարտել է գործունեությունը, եւ այժմ շարունակում է աշխատել Տրանշ 3-ի շինարարության մեջ  ներառված  կազմակերպությունների հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը:

ՀՀ տրանսպորտի, կապի  եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ Մ-6 Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգման եւ վերակառուցման, ինչպես նաեւ «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային» ծրագրերին առնչվող հարցեր:

Նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհակալության հայտնելով  Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին համագործակցության համար՝ հույս է հայտնել, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ձեւավորված երկկողմ գործակցությունը կունենա շարունակական բնույթ եւ բարեհաջող ընթացք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տրանսպորտի, կապի  եւ հեռահաղորդակցության   բնագավառների ռազմավարությանը եւ զարգացմանն առնչվող հարցեր, ԱԶԲ-ի հետ այդ ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները: