Էրեբունի վարչական շրջանի «Մուխանաթափ» կոչվող տարածքում անհայտ մակնիշի եւ հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Ալեքսան Պ.-ին վրաերթի ենթարկելու եւ մահ պատճառելու դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ոստիկանների կողմից առերեւույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Ալեքսան Պ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ ոստիկանության Նոր-Նորքի բաժնում նախապատրաստված նյութերով 13.05.2016թ. ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողի կողմից կազմվել է Ալեքսան Պ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություն: Տուժող Ալեքսան Պ.-ն ոստիկանության աշխատակցին հայտնել է, որ ունենալով բարձր ճնշում՝ տան բակում բերանքսիվայր ընկել է գետնին, ստացել մարմնական վնասվածքներ եւ քանի որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, բուժում ստանալու նպատակով դիմել է Նարկոլոգիական հանրապետական կենտրոն:

Այնուհետեւ ՀՀ ոստիկանության նույն բաժնի մեկ այլ ոստիկանի կողմից 15.05.2016թ. կազմվել է Ալեքսան Պ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություն, որի համաձայն՝ վերջինս հայտնել է, որ Էրեբունի վարչական շրջանի «Մուխանաթափ» կոչվող տարածքում անհայտ մակնիշի եւ հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն, որից հետո գնացել է տուն, քանի որ եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Նույն օրը ինքը հարեւանների կողմից տեղափոխվել է Ավանի նարկոլոգիական կլինիկա, որտեղից էլ բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի պատճառով ստացած մարմնական վնասվածքներից մահացած Ալեքսան Պ.-ի անձնագրի, ոստիկանության աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունների, ինչպես նաեւ այլ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոստիկանության հիշյալ ծառայողների կողմից կազմված Ալեքսան Պ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրությունների տակ առկա Ալեքսան Պ.-ի ստորագրությունները եւ ձեռագիր գրառումները էապես տարբերվում են միմյանցից:

Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է: