«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը, որը սեպտեմբերի 27-ին Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում ենթարկվել է ոտքի վիրահատության, բժիշկների օգնությամբ քայլել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ հնարավոր է Արմեն Լամբարյանին մի քանի օրից տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

«Մեր օգնությամբ քայլել է, շատ լավ է այժմ: Նա առողջանում է եւ հնարավոր է՝ մի քանի օրից դուրս գրենք»,- ասաց Միքայել Մանուկյանը:

Նշենք, որ  Արմեն Լամբարյանի ձախ ոտքի ազդրի կոտրվածքի պատճառով տեղադրվել է մետաղական հարթակ «օստեոսինթեզ»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը սեպտեմբերի 26-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց:

Արմեն Լամբարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):