Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նշել է, որ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի համար ժամանակային սահմաններ են պետք, ինչը թույլ կտա թեթեւացնել Brexit–ի հետեւանքները բիզնեսի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար, հայտնում է Reuters–ը։

«Բիզնեսն ու մարդիկ Մեծ Բրիտանիայում ավելի շատ են կոնկրետություն ուզում այն մասին, թե երբ կլինեն այդ ժամկետները։ Ես ուզում եմ մարդկանց վստահություն տալ, ինչը կօգնի մեղմել գործընթացը, երբ մենք սկսենք բանակցությունները»,– մեջբերում է գործակալությունը Մեյի հայտարարությունը, որն արվել է ITV–ի եթերում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրիտանական ֆունտ ստերլինգը ԱՄՆ դոլարի նկատմամբ թուլացրել է իր դիրքերը ԵՄ կազմից դուրս գալու ժամկետների մասին վարչապետի հայտարարությունների ֆոնին։

Կիրակի Մեյը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան մտադիր է ակտիվացնել Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածը մինչեւ 2017-ի մարտը։