«Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով դատական նիստին այսօր` հոկտեմբերի 4-ին, դատարանն ընթերցեց հակահետախուզական միջոցառումների արդյունքները. ըստ այդմ, 2015թ. մայիսին Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսայի` Արման Մադաթյանի եւ սպանված Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) միջեւ, որին մասնակցել է նաեւ Արթուր Ղազարյանը («Քանաքեռցի Տույ»), Արամ Վարդանյանը («Վստրեչի ապեր»): Արման Մադաթյանն այս վիճաբանության մասին տեղյակ է պահել աներոջը` ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին («Թոխմախի Մհեր») եւ նրա որդուն` Դավիթ  Սեդրակյանին:

Վիճաբանությունից հետո Արման Մադաթյանի ընկեր Վահան Հակոբյանը («Գաստիկը») հանցավոր կապերի միջոցով առեւանգել եւ ծեծի է ենթարկել Երրորդմասցի Լյովիկի` Լեւոն Ղազարյանի երկու ընկերներին` այդ թվում նաեւ Էդգար Ղազարյանին («Խռիկին»), որոնց պահել է շների համար նախատեսված վանդակում: Միջադեպից մի քանի օր անց Լեւոն Ղազարյանը հաշվեհարդար տեսնելու համար առեւանգել է Վահան Հակոբյանին եւ նրան ծեծի ենթարկել, այնուհետեւ պահել շների համար նախատեսված վանդակում: Նրանք բուժվել են տան պայմաններում եւ չեն դիմել հիվանդանոց:

 Այս միջադեպից հետո երկու կողմերի միջեւ թշնամական հարաբերություններ են սկսվել եւ մինչեւ սպանությունը եղել են բազմաթիվ բախումներ:

Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: