Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանց փաստաթղթային ձեւակերպման եւ մի շարք այլ խախտումներով ապրանքների իրացման դեպք:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կառույցի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արաբկիրի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «ՄԻՌՈՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն 2016 թվականի ապրիլ-հուլիսին ՌԴ-ում գործող մեկ մատակարարից ներմուծել է շուրջ 140 միլիոն դրամ ինվոյսային արժեքով տարբեր ապրանքներ՝ հագուստ, ավտոպահեստամասեր, ձեթ: Ներկրված ապրանքների ողջ խմբաքանակն, առանց փաստաթղթային ձեւակերպման, իրացվել է տարբեր ֆիզիկական անձանց եւ տնտեսվարողների: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը չունի առեւտրային ու պահեստային տարածքներ, ապրանքանյութական արժեքների մնացորդ եւ ներմուծված ապրանքների իրացմանը վերաբերող հարկային հաշիվներ: Բացի այդ, «ՀՀ եւ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվառման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում ընկերությունը չի ներկայացրել ներմուծման հարկային հայտարարագիր եւ պետբյուջե որեւէ վճարում չի կատարել:
ՊԵԿ տեղեկատվական բազայի տվյալների համաձայն՝ ընկերությունը ցույց է տվել ընդամենը 11.4 մլն դրամի իրացման շրջանառություն, սակայն պետբյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար չի առաջացրել` ցույց տալով շուրջ 60 հազար դրամ հաշվանցման ենթակա գումար: «ՄԻՌՈՆ ՏՐԱՆՍ»-ի կողմից ներկրված որոշ ապրանքատեսակներ ենթակա են եղել դրոշմապիտակավորման, սակայն ընկերությունը դրոշմապիտակների ստացման հայտ չի ներկայացրել եւ չի ստացել: Խախտման վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն:




























