2016-ին Հայաստանի պետբյուջեն 80 մլրդ դրամի թերագանձում կունենա (ընթացիկ փոխարժեքով 169 մլն դոլար- խմբ․ ), ինչը պայմանավորված է ՀՆԱ –ի՝ մասնավորապես ներմուծման անկումով։ Այս մասին հոկտեմբերի 4-ին Ֆինանսաների նախարարությունում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է նորանշանակ նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով 2017-ի բյուջետային ծախսերի խնայողության ծրագրերը։

2016-ին ՀՆԱ-ն պետք է կազմեր մոտ 5 տրլն 442 մլրդ դրամ։ Բայց հիմա մինչեւ տարեվերջ ակնկալվում է 5 տրլն 150 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 10․9 մլրդ դոլար-խմբ)։

Եթե ՀՆԱ-ն կրճատվում է 292 մլրդ դրամով, իսկ ՀՆԱ—ի հանդեպ հարկերի հարաբերակցությունը կազմում է մոտ 20․4 տոկոս, ապա ստացվում է, որ միայն այստեղ բյուջեում հարկերի թերգանձումը 58 մլրդ դրամ կկազմի։

Եւս 17 միլիարդի թերգանձումն էլ կգոյանա ներմուծումից , որը 2016-ի հունվար – օգոստոս ժամանակահատվածում կրճատվել է 8 տոկոսով։ Իսկ ապրանքների ներմուծումը ու առեւտուրը տնտեսության ամենաշատ հարկվող ոլորտներից են, ու այստեղ նկատվող կրճատումներն ազդում են հարկերի հավաքման վրա, պարզաբանել է նախարարը։

Եւս 3․6 մլրդ դրամի թերագանձումն էլ պայմանավորված են ներդրումային ծրագրերից ԱԱՀ մասով հետաձգումներով, բայց այդ կապակցությամբ դժգոհություններ չկան, քանի որ այդ ծրագրերի իրականացումը կբարձրացնի տնտեսական ակտիվությունը, հետեւաբար նաեւ՝ հարկային բազան, հավելել է նախարարը։