Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել, թե ինչու Բյուրեղավանի Glass World Company շշերի գործարանի տնօրինույթունը մի քանի ամիս աշխատակիցներին չի վճարել աշխատավարձը: NEWS.am-ի հետ զրույցում աշխատակիցներից Սեւան Մանուչարյանը նշեց, որ վարչապետը 10 օր ժամանակ է տվել, որպեսզի մանրամասն ներկայացնեն` ինչու գործարանը 5 ամիս չի վճարել աշխատակիցների աշխատավարձը:
«Մենք էդ 10 օրը կսպասենք, տեսնենք, եթե ոչինչ չփոխվի` էլ չենք նստելու տանը: Տաբեր բողոքի ակցիաներ ենք իրականացնելու, մինչեւ լուծում տան մեր խնդիրը, մեր գումարները տան մեզ»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Glass World Company ընկերության շուրջ 150 աշխատակցի 5 ամսվա աշխատավարձ չի վճարվել: Նրանք գործարանի դիմաց պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ իրենց աշխատավարձերի վճարման պահանջով:





























