«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վանաձորի ընտրություններում պետք միավորվեր «Լուսավոր Հայաստան»-ի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Պարզաբանելով ընտրություններում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ձախողումը՝ քաղաքագետը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը պետք է իմանային, որ Վանաձորում արդեն իսկ ֆարորիտներ կան:
«Քաղաքական հռետորաբանության դաշտում այդ կուսակցությունը կա, բայց ահա, տեղում ձայներ ստանալու տեսակետից, ինչպես արդյունքները ցույց տվեցին, ավելի քիչ հնարավորություններ ունի: Հետեւաբար, կարծում եմ, ճիշտ կլիներ, որ կուսակցությունը համաձայնության գար «Լուսավոր Հայաստան»-ի հետ, այդ դեպքում մեծ թվով հիասթափված ընտրողներ տանը չէին նստի, այլ ընտրության կգային, եւ հաղթանակը կբաժանվեր երկու քաղաքական ուժերի միջեւ: Եվ Վանաձորն ավելի «լուսավոր» կամ «նոր» կդառնար, ինչպես հռչակում էին կուսակցությունների կարգախոսները: Այս տեսանկյունից, իհարկե, «Քաղաքացիական պայմանագիր»-ը մոտեցումների փոփոխման կարիք ունի»,- ընդգծեց Ստեփան Սաֆարյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե կարելի է ասել, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատից Փաշինյանի հեռանալը ոչ մի կերպ չնպաստեց քաղաքական հեղինակությունը փրկելուն, քաղաքագետը պատասխանեց. «Եթե Նիկոլ Փաշինյանը համաձայն չէր ՀԱԿ քայլերին, ապա անիմաստ էր այնտեղ նրա մնալը: Այս տեսակետից հասկանալի է, թե նա ինչու հեռացավ եւ առանձին քաղաքական թիմ ստեղծեց: Բայց դա չի նշանակում, որ ՀԱԿ-ից հեռանալով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ստանար արմատական ընտրազանգվածի ձայները: Դա այդպես չէ: Քաղաքականության մեջ անհրաժեշտ է ճիշտ ռազմավարություն որդեգրել, որը կապահովի իշխանափոխություն պահանջող ընտրազանգվածի ձայները»:
Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 1,48 տոկոս ձայներ, իսկ Վանաձորում՝ 4,08 տոկոս:





























