Հայ ճարտարապետներն ու շինարարներն ունեն մեծ համբավ եւ նրանք պետք է իրենց ակտիվ գործունեությամբ ու մասնագիտական առաջարկություններով աջակցեն պետությանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանի շինարարների, Ճարտարապետների միությունների անդամների եւ շինարարական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով շինարարության, ճարտարապետության ոլորտի խթանումը՝ վարչապետը նշել է, որ ակնկալում է հանդիպման մասնակիցներից լսել կառավարությունից սպասվող այն քայլերի մասին, որոնք կնպաստեն այս բնագավառում առկա խնդիրների լուծմանն ու ներդրումային ծրագրերի ներգրավմանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հայ ճարտարապետներն ու շինարարներն ունեն մեծ համբավ եւ նրանք պետք է իրենց ակտիվ գործունեությամբ ու մասնագիտական առաջարկություններով աջակցեն պետությանը՝ ոլորտին նոր թափ հաղորդելու նպատակով: «Մենք պետք է ստեղծենք այնպիսի մշակույթ, երբ նախարարն ու պետական ծառայողը հետեւողական կլինեն եւ արագ կարձագանքեն ոլորտի ներկայացուցիչների ազդակներին ու առաջարկություններին: Քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտի կարգավորման պատասխանատուները նաեւ դուք եք, ուստի պետական ծառայողը ձեզ հետ մշտապես հետադարձ կապ պետք է ունենա»,- ասել է կառավարության ղեկավարը:

Հանդիպման մասնակիցները Կարեն Կարապետյանին են ներկայացրել ընթացիկ ծրագրերը, ոլորտի հետ կապված խնդիրները, հանդես եկել առաջարկություններով: Մասնավորապես, քննարկվել են շինարարության ոլորտի օրենսդրական եւ գնագոյացման նորմատիվային դաշտերի բարելավմանը, շինարարական եւ նախագծային կազմակերպությունների վարկանիշավորմանը, ոլորտի այլ խնդիրներին վերաբերող այլ հարցեր: